-Թաբուլեն. կտրտեցի՞ր կանաչին:
-Հա, մամ, պատրաստ է:
-Տորթը: Դիր սառնարանը: Ինքը սառն ա սիրում:
-Մամ, ինքը գարեջու'րն ա սառը սիրում:
-Գարեջուր չկա: Չեմ առել: Տանձի լիմոնադն էլ է գարեջրի չափ սիրում, թող դա խմի: Չի կարելի իրեն:
-Մամ, ես եմ առել...
-Վայ, չասես իրեն:
-Արդեն ասել եմ:
Վերջին երկու բառը երկու բարիտոն ցածր ասացի. ամեն դեպքում սիրուն չէր լինի, որ մայրիկը լսեր:
Սիրուն, Երեկոյան 7-ին լույսերը վառեցինք, սեղանը գցեցինք, սկսեցինք սպասել:
Հոբելյարը չկար:
Զանգում ենք, ձայն չկա:
Չի վերցնում:
Վերցրեցինք ու նստեցինք սեղան, բայց օդում կանգնած հարց չկար ` ու՞ր է:
Սովորական բան էր, որ հոբելյարը չկար, հետն էլ կապ չկար:
Մի բան եղած չլինի՞:
Էդ հարցը չկար:
Իր նման էր. Իր նման մեկին չենք ճանաչում, որ տուն չգար ծնունդին, բայց Իրեն լավ ենք ճանաչում:
Ինքը հասարակությանն էր, հետո նոր` մերը:
Ու էդ պայմանագրի տակ մենք ստորագրել էինք:
Խառն էր: Միշտ խառն էր:
Հասարակական ամուսին ուներ մաման, ու կարևորը` գար- հասցներ տորթին:
Հասցրեց:
Մոմերը փչեցինք (սովորաբար իմ գործն էր), ու` զանգ դռանը:
Ինքն էր:
Էն մշտական հարևանը, որի մեքենայի տեղը բակում միշտ իմն էի կանգնեցնում:
Առանց բացատրվելու իջանք:
Տեղափոխեցի ավտոն:
Ավտոմատ ետ նայեցի:
-Պա՞պ: Ուշացար: Վայ:
Վոյս արեցի:
Չնայեց էլ:
Թաբուլեն համեղ էր, տորթը` սառը:
Հոբելյարի տաք կոլորիտին էինք սպասում:
Տաք ձայնին:
Ինքը տաք էր: Տաքացնում էր ամեն ինչ, որտեղ էլ լիներ:
Դուռը բացեցի` ի զարմանս ինձ` ինքն էր:
Եկա'վ ծնունդին:
-Ուշացար:
-Ինչու՞ եմ ուշացել, ինչի տորթը կտրել ե՞ք:
-Հա:
-Լավ, ուշացել եմ, ուրեմն:
Ամեն անգամ հոբելյարի ծնունդին ամբողջ ընթացքում մի միտք էր ինձ տանջում. ամեն տարի:
Ինչու՞ պարտադիր թաբուլե, պաաարտադիր, եթե ինքը բերան չի դնում:
-Տաք ա:
Գարեջուրն էի բերել: Վախից սառնարան չէի դրել:
-Սառույց կբերեմ:
Ինձ թվում է` եթե նույնիսկ ինքը աշխարհի ամենավատ մարդն էլ լիներ, ես իրեն էսքան շատ, էսքան առանց նախապայմանների ու հասկանալու` շատ էի սիրելու: Ու ուզելու էի իր համար անել ցանկացած բան` լավ, վատ, ճիշտ, սխալ... մենակ դուր գայի իրեն, մենակ ասեր` ապրես:
-Սառույցով գարեջու՞ր:
-Շատ սառույցով, բալես:
Աաայ, էդ տաք «բալես»-ի համար մամայիս էլ կուրանայի:
Կուրացած սերը սա է երևի:
Ու ... ուրացա, էլի, փաստորեն:
Հեփի բըրդեյ, Պրոֆեսոր:
Տաք էր:
Ինքը տաք էր:
Էդ օրը 40 բարձրացավ ջերմությունը:
Բժիշկը որ մտավ, ես արդեն ամեն ինչ գիտեի. 5 րոպե առաջ էի խոսել:
Խոսելս չէր գալիս, բայց խոսքերս իրենք իրենց եկան:
-Պապ, դե մի բողոքիր, գիտես, որ ժամանակավոր է:
Ինքն էլ գիտեր. Էն իմ իմացած ամեն ինչից: Ուղղակի` սպանեիր` բան չէր ասի: Սպանող զսպվածություն:
Որ բժիշկը մտավ, իրեն`իրեն հատուկ տղամարդավարիությամբ սառը պահեց:
-Ջերմություն ունե՞ք:
-Դոկտոր ջան, ջերմությունն ի՞նչ ա` չունենամ: Բա մարդ պետք ա ջե'րմ լինի մնացած աշխարհի նկատմամբ:
Հումորը` հարիզմատիկ, խորը, էներգետիկ,կոլորատիկ, գունավոր, շքե'ղ հումորը իր ընկերն էր ճակատագրական պահերին:
Շիրման , մի տեսակ:
-Շնորհավոր ձեր ծնունդը:
-Շնորհակալ եմ, բժիշկ ջան,էս տարի էլ սենց... Ամեն տարի ծնունդիս վերջինն եմ հասնում տուն, էս տարի որ հասնեմ տուն վերջին ծնունդիս... էլի գոհ եմ:
Ու էլի կիսով չափ գաղտնի` նայեց հեռախոսին:
Արդեն երեկոյան 5-ն է, բայց` ոչ մի զանգ:
Չէ, էնպես չի, որ էդպես սպասում է, որ րոպեն մեկ զանգեն, իրեն շնորհավորեն, լավ խոսքեր ասեն.... չէ..., բայց ուղղակի մի տեսակ շատ անսովոր է, որ ոչ ոք չէր շնորհավորում:
Բայց դե... մարդ են, գործերով են, մոռացել են երևի, բան չկա:
Զանգ չկա: Ոչ մի զանգ:
Ես էլ չէի շնորհավորել: Ամբողջ օրը հետն էի, բայց չէի շնորհավորել. մոռացել էի իբր:
-Կհասնե'ք, պրոֆեսոր...
Բժիշկն էր:
Աղմուկ: Դրամատիկ աղմուկ: Շշուկներ:
-Զգույշ, վառի, չլսի հանկարծ:
-Անմահացրու ինձ մի հատ: Միացրու ֆոտոն, ասացի:
-Դրա ժամանակը չի, բաց դուռը:
Դուռը բացվեց:
-Տո'րթը շուռ տվեցիր: Անշնո'րհք:
Պալատ լցվեցին բոլորը:
Էն բոլոր չզանգած-չհիշած անշնորհքները:
Հեփի բըրդեյ, Պրոֆեսոր:
Անակնկալ հիվանդանոցում. այս անգամ` հոբելյարի հետ:
Տորթը,մոմերը, իր սիրած տանձի լիմոնադը:Ամեն ինչ կար:
Թաբուլեն, բայց, չկար:
Գարեջուրն էլ:
Առաջին անգամ թաբուլե չկար:
Դե, ոչինչ, ինքը ե՞րբ ա ուտում թաբուլե՞ որ:
Թարս:
-Թաբուլեն ու՞րա, բալաս:
-վայ , պապ, չենք բերել, մտածեցինք...
-Լավ, ոչինչ, չեմ ուտի:
Արդեն 3 օ'ր էր բան չէր ուտում:
Կարևորը` ծնունդին կար. նախորդ անգամների նման չէր:
5 օրից տանն էր:
-էս անգամ էլ պլստացինք: Վերջնական լավանամ` գարեջուր եմ խմելու: Մի քիչ, շատ չէ: Սառը: Թաբուլե էլ կուտեմ արդեն: Օգտակար եմ ուտելու արդեն մենակ:
Վերջնական լավանա՞մ...
-Թաբուլեն. կտրտեցի՞ր կանաչին:
-Հա, մամ, պատրաստ է:
Տորթ չկար բայց:
Սառը գարեջուր էլ:
Ոչ էլ` տաք:
Հոբելյարն էլ չկար:
Ու այս անգամ չէր էլ գալու:
Այս անգամ` նրա մոտի'ց եկանք:
Սեղան նստեցինք:
Մեքենաս էլի հարևանի տեղն էի կանգնեցրել, բայց չեկավ ինձ լուռ տեղահան անելու:
Հարևանն էլ չեկավ:
Հոբելյարն էլ:
Ինքը էլի նույն տաքն էր:
Շիրի'մն էր սառը:
Հեփի բըրդեյ, պրոֆեսո'ր:
Գոհար ՍՐԱՊԻՈՆՅԱՆ